Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՒՑԵ ԿՐԹՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ՎԱՏ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ ԵՆ»

«ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՒՑԵ ԿՐԹՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ՎԱՏ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ ԵՆ»
15.12.2009 | 00:00

Աղասի Այվազյանը, արդեն երկու տարի է, մեզ հետ չէ: 2010-ին «Աղասի Այվազյան» հիմնադրամը և ազգային թատերական ստեղծագործական միավորումը նախատեսում են այվազյանական պիեսների փառատոն: ԵՊՀ-ում անցյալ տարի անցկացվել են այվազյանական ընթերցումներ: Այս տարի լույս է տեսել Աղասի Այվազյանի «Պիեսներ» (հայերեն և ռուսերեն) գիրքը, ինչը գրողի այրին` Աղասի Այվազյանի անվան հեղինակային դպրոցի հիմնադիր-տնօրեն ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԸ, համարում է քայլ դեպի փառատոն: Գարնանը նախատեսվում են այվազյանական ընթերցումներ նաև Գիտությունների ազգային ակադեմիայում:
-«Պիեսներ» գրքում 23 պիես է ամփոփված, որոնք ուղարկվելու են թատրոններին,- ասում է տիկին Վերդյանը։- Առայժմ որպես դրամատուրգ Աղասի Այվազյանը ճանաչված չէ: Մինչդեռ պետք է, որ հանդիսատեսը ճանաչի նրան: Փառատոնը նախատեսված է աշնանը, ես վախենում եմ, բայց մտածում եմ, որ մենակ չեմ: Խոսքը միայն ֆինանսական խնդրի մասին չէ: Կա նաև կազմակերպչական խնդիր, դիմել եմ Ռուսաստանի Դաշնությանը ծրագիրը համատեղ իրականացնելու համար: Թատերական կյանքը դժվար է այսօր: Փորձում են ինչ-որ մեկին մեղադրել, բայց իրականում ոչ ոք մեղավոր չէ. այսօր ուրիշ փոխհարաբերություններ են, նոր համակարգի կառուցման պրոցես է ընթանում, առողջ մրցակցություն, որ բնական է: Ես չեմ խառնվում այդ «պատերազմին», բայց գիտեմ, որ Աղասի Այվազյանի թատրոնը լինելու է:
-Երկու տարի առանց Աղասի Այվազյանի… Ժամանակը մեղմացնո՞ւմ է բաժանման ցավը:
-Ես պարտավորություն ունեմ ապրելու և շարունակելու այն, ինչ չավարտեց Աղասի Այվազյանը։ Կա պարտավորություն, որը միայն քոնն է, որովհետև դու արդեն ապրում ես ոչ միայն քո կյանքը, այլև շարունակում ապրել ուրիշինը: Այդպես էլ ապրում եմ` ինձ համար և Աղասի Այվազյանի:
-Երբ կարդում եք, ի մի բերում նրա գործերը, ի՞նչ եք զգում։
-Զգում եմ նրա ներկայությունը և հասկանում, որ գուցե նա ավելի է ապրում, քան մենք: Ի վերջո, ոչ ոք չգիտի առեղծվածը կյանքի ու մահվան: Երբ կարդում եմ նրան, շարունակվում է ճանաչումը, և այնքան հաճելի է գիտակցել, որ չկա հիասթափություն, չկա նաև հիացում, որովհետև այդպիսին է ճանաչումը, որ ուժեղ է և՛ հիացումից, և՛ հիասթափությունից: Ես շարունակում եմ այն, ինչը ոչ թե չի հասցրել Աղասի Այվազյանը, պարզապես համեստությունը թույլ չի տվել: Գրողը, իհարկե, ուզում է ունենալ պատմվածքների, պիեսների ժողովածու, ընտիր երկեր: Բայց նա գիտեր` ինչ ժամանակներում ենք ապրում, և հասկանում էր, որ ուրիշ խնդիրներ կան պետության, հասարակության առաջ: Դրա համար էլ ուղղակի գրում էր։ Ինձ մնում է հավաքել, ի մի բերել ամբողջը:
-Որպես կանոն, տաղանդավոր մարդիկ չեն գնահատվում իրենց ժամանակակիցների կողմից, բայց Աղասի Այվազյանն այն քչերից է, որին ճանաչում էին և սիրում:
-Կենդանության օրոք մարդուն գնահատում են որպես ընկերոջ, բարեկամի, գործընկերոջ: Ոմանք շատ են գնահատում, ոմանք` քիչ: Հետո գալիս է վերագնահատման, վերարժևորման ժամանակը, երբ գնահատում են ըստ ապրած կյանքի, ըստ գործերի: Կարծում եմ, որքան տարիներն անցնեն, որքան շատ ճանաչենք Աղասի Այվազյանին, այնքան շատ կլինեն նրան սիրողները: Որովհետև նա իր կյանքով, իր գրականությամբ գնում էր դեպի մարդը, և յուրաքանչյուրի մեջ գտնում էր այն, ինչ մարդն ինքը գուցե չի տեսնում: Բայց ժամանակներն այնպիսին են, որ խզվել է գրողի և ընթերցողի կապը: Սա մեծ խնդիր է։ Պետք է ծրագիր մշակել` դպրոցներում ընթերցանության կուլտուրա ձևավորելու համար: Մեր երիտասարդները, չգիտեմ, գուցե կրթված են, ակտիվություն են դրսևորում քաղաքական, հասարակական կյանքում, բայց վատ ընթերցողներ են: Նրանք պարզապես չեն ճանաչում Աղասի Այվազյանին: Գուցե բուհերի համապատասխան ֆակուլտետներում ուսանողները քիչ թե շատ ճանաչում են, բայց դա բավական չէ: Կարծում եմ, եթե Աղասի Այվազյանը լիներ այլ երկրում (չեմ ուզում կոնկրետ երկրների անուններ նշել, հասկանալի է), այնքա՜ն կհպարտանային նրանով, կմեծարեին, ի վերջո դա ոչ թե Աղասի Այվազյանին է պետք, այլ ժողովրդին, երկրին: Գնահատելով դասականներին, որոնք ունեն արդեն իրենց հաստատուն տեղը, պետք է դեմքով շրջվենք դեպի Աղասի Այվազյանը, որովհետև կան, գալիս են էլի տաղանդավոր մարդիկ, և պետք է նրանց էլ տեսնենք: Որքան մենք տեսնում, գնահատում ենք այդ մարդկանց, այնքան ուժեղ ենք:
-«Հայ հայը» պատմվածքում Աղասի Այվազյանը փորձում է բացահայտել հայի կերպարը, տեսակը: Ինչպիսի՞ հայ էր ինքը` հեղինակը:
-Սովորական մարդկանց իր գործով և կյանքով նա կարող է թվալ բարդ, բայց ես կարծում եմ` Աղասի Այվազյանն ուղղակի իդեալական մարդ էր: Բոլոր մեծ մարդիկ դժվար ճակատագիր ունեն, որովհետև նրանք ոչ միայն նայում են իրենց շուրջը և տեսնում` ինչ է կատարվում, ոչ միայն գնահատում են իրադարձությունները, այլև առաջին հերթին զննում են իրենց ներսը: Ինքնավերլուծությունը տանջալի պրոցես է: Աղասի Այվազյանը հաճախ ասում էր` ի՞նչ է նշանակում լինել հայ. առաքելությո՞ւն է, պատի՞ժ, ապրելակե՞րպ, ինչո՞ւ ենք մեր հայ լինելը ցավով ընդունում, ուզում ենք լինել, ինչպես եվրոպացին, ամերիկացին, ուզում ենք ուրիշ լինել, ապրել թեթև, զգալ աշխարհը ոտքի տակ, բայց ահա, տանջվում ես, գիտես, որ կա այս փոքր երկիրը` Հայաստանը, և դու նրա մի մասնիկն ես: Նա ցավով էր ընդունում այս ամենը, հարցնում էր ինձ` դու այդպիսի զգացողություն ունե՞ս, որ քեզ ճնշում է, պարտավորեցնում։ Քամին տերևները թափում է, և աշնանը գետնի վրա տարբեր տեսակի տերևներ ենք տեսնում, կարող ենք տարբերել ուռենու տերևը, կեչու, կաղնու, ինչպե՞ս կարող է կեչու տերևը և՛ Հայաստանում լինել, և՛ Ֆրանսիայում: ՈՒ հարցնում էր` հայը պետք է ապրի միայն Հայաստանում, ուրեմն ինչո՞ւ է հայը ծաղկում Ֆրանսիայում, Եվրոպայում, իսկ իր երկրում, իր հայրենակիցների հետ ապրում է դժվար: Եվ պատասխանը գրեթե միշտ նույնն էր` մարդու համար դժվար է ինքն իր հետ լինել: Թե ուզում ես ճանաչել դիմացինիդ, նախ պետք է ճանաչես ինքդ քեզ: Երկիրդ, պատմությունդ, մշակույթդ, այս ամենը տեսնելն ու հասկանալը ինքդ քո միջով` բարդ է և դժվար: «Հայ հայը» պատմվածքում հենց այդ որոնումն է:
-Հավատո՞ւմ էր Աստծուն:
-Մարդն ամեն տասը տարի ապրում է կյանքի համապատասխան էտապ: Եթե առաջին տասը թողնենք մանկությանը, յոթ տարբեր կյանք է ապրել Աղասի Այվազյանը, յոթ տարբեր որոնումներ, տարբեր վերաբերմունք: Աստված մարդուն օժտել է խելքով, բանականությամբ, որ ճանաչի, փորփրի, հասկանա: Իհարկե, հավատում էր Աստծուն: Աստծո հետ նրա շփումը նույնպես բարդ է եղել: Կարծում եմ` մարդը չի կարող չհավատալ Աստծուն, ինչպես որ չի կարող մոտենալ Նրան: Առավոտյան, երբ արթնանում եմ, մոտենում եմ պատուհանին, նայում Արարատի ուղղությամբ և մտորում, զրուցում: Մի քանի օր առաջ այդպես կանգնած էի պատուհանի մոտ և հարցրի` որտե՞ղ ես հիմա, Աղասի: Արարատի վրա սև ամպ էր նստած, սևի վրա սպիտակ տառերով գրվեց` ց ըoչa:
-Հենց այնպես չի գրում Աղասի Այվազյանը: Նրա գործերում այնքան շատ է մարդկային ողբերգությունը, տառապանքը, ծանր է նույնիսկ կարդալը, զարմանում ես` ո՞նց է այդքան ցավ վերապրում, անցկացնում իր գրչի միջով:
-Ապշեցնող անձնավորություն էր Աղասին: Նրան կարդալով` հոգեբանները, բժիշկները շատ բան կբացահայտեն մարդու ներաշխարհի, հոգեվիճակի մասին: Կյանքի ընթացքում ի՞նչ է ամենից շատ բաժին ընկնում մարդուն: Երջանկությունը կարող է տևել մեկ ակնթարթ, մեկ րոպե, ժամ, օր, թող լինի մեկ ամիս: Քչերը կասեն` ողջ կյանքս երջանիկ է անցել: Ինչո՞ւ է այդպես: Եթե մի կողմ դնենք այսպես ասած` ֆորս-մաժորը` անկանխելի աղետները, և ի վերուստ սահմանված ճակատագիրը` թե ի՞նչ ես դառնալու, ի՞նչ կյանքով ես ապրելու և այլն, ապա որտեղի՞ց են գալիս տառապանքները: Մարդը սոցիալական էակ է, շրջապատված է սոցիալական խմբերով` ընտանիք, հարազատներ, փողոց, քաղաք, երկիր… Տեսեք ինչքան փոխհարաբերություններ ունի մեկ մարդը շատերի հետ: Մարդու ամբողջ կյանքն ուրիշ մարդու կողքին լինելն է: Գրողը, որ իր ներսում վերապրում է այս բոլոր փոխհարաբերությունները, ինքնին ամբողջ աշխարհ է: Լև Տոլստոյը «Պատերազմ և խաղաղություն» գրքում հինգ հարյուրից ավելի հերոսներ ունի, նա շփվում է իր հերոսների հետ, լինում այդ տարածքում, ուր տանջվում են, լացում, ապրում, հետո հեռանում է գրասեղանից, գնում ուրիշ սեղանի մոտ, ուր իր երեխան է, կինը, մայրը, և պետք է տեսնի` ի՞նչ են անում, ասում նրանք, իսկ դա ուրիշ աշխարհ է: Գրողն այն մարդն է, որ ուզում է տեսնել կյանքի այն կողմը, գիտակցության այն կողմը: Եթե մարդը չգիտի` ինչ է տառապանքը, չի կարող ցավել դիմացինի համար, օգնել հասկանալ: Մենք պետք է ձգտենք ունենալ ընթերցասեր հասարակություն: Այդ դեպքում հարկ չի լինի վազել բժշկի մոտ, կունենանք լավ հասարակություն, ուր տանջանքը քիչ կլինի, որովհետև մարդիկ կհասկանան մեկը մյուսին:
-Ինչպիսի՞ն էին ձեր փոխհարաբերությունները, առհասարակ, ո՞րն է ամուր, երջանիկ ընտանիքի հիմքը:
-Նրան դեռ չէի ճանաչում, երբ կարդացի «Կիրակոսը» պատմվածքը և հասկացա, որ իմ հեղինակն է: 1983-ն էր: 1984-ին հանդիպեցինք և էլ չբաժանվեցինք: Մենք նույնպես մարդկանցով էինք շրջապատված` ընկերներ, հարազատներ, ինչը բարդացնում է զույգերի փոխհարաբերությունը: Սակայն այնքան նման էինք աշխարհընկալմամբ, կյանքի, հոգևորի, Աստծո նկատմամբ մեր մոտեցումներով: Պարզապես ես չեմ հավատում սատանայի գոյությանը: Ամեն ինչ ունի իր հակառակ կողմը, եթե կա լավը, կա նաև վատը, կա հյուսիս, նաև հարավ: Ամեն ինչի կենտրոնը պետք է ունենա երկու վերջավորություն` ես պետք է իմանամ այո-ն և ոչ-ը: Ինձ համար չկա «այո» ուղիղ իմաստով և չկա «ոչ»: Այո-ի մեջ գտնում եմ ոչ, ոչ-ի մեջ` այո: Ամեն ինչի միասնությունը Աստված է: Իսկ Աղասին ասում էր` դրականը կոչիր Աստված, բացասականը` սատանա: Այդպես էլ կոչվում է, պարզապես ես չեմ հասկանում սատանա բառը: Մնացած հարցերով մենք նման էինք: Երկու մարդ կարող են իրար սիրել և բաժանվել, բայց եթե հարգում են իրար, ուրեմն, ամբողջ կյանքում կլինեն միասին: Մենք սիրո մասին չէինք խոսում. ես, որպես կին, գուցե երբեմն խոսում էի, Աղասին` երբեք: Բայց վերաբերմունքը, մարդու գործերը, այս ամենը խոսում են սիրո մասին: Ես կարող եմ ասել, որ խելահեղորեն սիրում եմ նրան հիմա…
-«Կիրակոսը» պատմվածքում ներկայացվում է բոլոր ժամանակների մարդը, նրանց մեկ ամբողջություն լինելը և արհեստական հեռացումը միմյանցից: Անսովոր փիլիսոփայություն է. «Ես նկատեցի, որ մարդիկ իրար միջև միշտ տարածություն են թողնում: Այդ տարածությունն աշխարհի ամենահին իմաստությունն է»:
-Առհասարակ, բոլոր գրողները պիտի ցույց տան վերաբերմունքը մարդու նկատմամբ: Չեխովն այնպիսի՜ խղճահարությամբ, ցավով է խոսում մարդու մասին, նա ասում է` մարդ, դու լավն ես, ինչո՞ւ ես վատը: Այդպիսի ցավ կա նաև Աղասի Այվազյանի գրականության մեջ, ասես հարցնում է` որտեղի՞ց այդ չարությունը: Ես վերընթերցում եմ «Կիրակոսը», բայց առաջին ընթերցման տպավորությունը չի փոխվում. երկար ժամանակ Աղասուն անվանում էի Կիրակոս:
-Ինքներդ գրո՞ւմ եք:
-Ներքին իմ վիճակով ես գրող եմ և գրել եմ թերթերում, զբաղվել ժուռնալիստիկայով: Ներկայումս գրում եմ կանացի ճակատագրի մասին, արդեն երկրորդ մասը վերջացրել եմ:
Բայց կնոջ համար դժվար է լինել գրող, նկարիչ, պետք է կտրվի ամեն ինչից։ Ես չափից դուրս կին եմ իմ կյանքում, չափից դուրս մայր, տատիկ: Մանավանդ եթե տաղանդավոր մարդու կողքին ես, պետք է մոռանաս քո տաղանդի մասին: Աղասի Այվազյանին պետք է պարզապես ծառայել: Բելինսկին ասում է` չկայացած գրողը դառնում է լավ ուսուցիչ, մի քիչ վիրավորական է խոստովանել, բայց մեծ մանկավարժները` և՛ հայ, և՛ օտարազգի, բոլորը տղամարդիկ են: Ինչո՞ւ է այդպես: Նրանք հնարավորություն ունեն սեղանի մոտ նստելու, նրանց մեկը սուրճ, թեյ կմատուցի:
-Տարբերվո՞ւմ էին Աղասի Այվազյանի վերջին գործերը:
-Ինչպես ինքն էր ասում` «կյանքից հեռացավ երկարատև, ծանր հիվանդությունից հետո» բառերն ամենացավոտն են: Նա գիտեր, որ հիվանդ է, բայց անվերջ աշխատում էր: Տարբերվում են, իհարկե: Վերջին մտորումներն են: Մի տեսակ տխուր են, բայց մտքի աշխատանքը երջանիկ չի լինում: Միտքը տխուր է: Մեր մշտական հոգեվիճակն է տխրությունը, որովհետև դու հեռացած ես Աստծուց, որովհետև ժամանակավոր ես այստեղ ու նորից գնալու ես: Այդ ժամանակավորի զգացողությունը մտածող մարդու համար արդեն իսկ տխրության պատճառ է:
Մարտի 23-ին, նրա ծննդյան օրը, կներկայացնեմ «Խորքի խորություն» գիրքը, ուր ամփոփված են վերջին ստեղծագործությունները (մեկ պոեմ և պատմվածքներ): Գրքի սկզբում ներկայացված է Աղասի Այվազյանի «Երկիր հայրենի» երգը «Հայրիկ» կինոֆիլմից:
-Ասում են` լավ գիրքը գտնում է իր ընթերցողին։
-Շեքսպիրի խոսքերը ձևափոխելով` ուզում եմ ասել, որ չխնամված պարտեզում մոլախոտեր շատ կան, պետք է մշակել առողջ, պտղաբեր ծառերը, որպեսզի բազմահազար մոլախոտերի մեջ նրանք երևան։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ